Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բայղուշություն` «եղունգ նայելու» մակարդակով

Բայղուշություն` «եղունգ նայելու» մակարդակով
27.01.2009 | 00:00

ԲԱԽՏԱԳՈՒՇԱԿՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
«Ճշմարտությունն ավելի զարմանահրաշ է հերյուրանքից։ Հերյուրանքը պետք է լինի ճշմարտանման, իսկ ճշմարտությունը դրա կարիքը չունի»։
Մարկ Տվեն
Մեր իրականության մեջ հերյուրանքներն այնքան էլ ճշմարտանման չեն։ Ո՞Ւմ ականջն ու ուղեղը չեն սղոցվել տասը և ավելի տարիներ մեր քաղաքական գործիչների և վերլուծաբանների որոշակի շերտի կողմից ամեն Աստծո օր թմբկահարվող կանխատեսումներից, թե Արևմուտքն ուժեղացնելու է ճնշումները ՀՀ իշխանությունների վրա, վերջիններս էլ, սպառելով դիմագրավելու բոլոր ռեսուրսները, զիջելու են Արցախը։ Իհարկե, հասկանալով, որ ղարաբաղյան հիմնախնդիրը իշխանություն-ընդդիմություն պայքարում եղել և մնում է շահարկումների շրջանակի կենտրոնում, որպես ամենաառանցքային խաղաթուղթ` իշխանության գալու կամ իշխանություն պահելու գերխնդրի լուծման ճանապարհին, բայց կարելի է, չէ՞, մի պահ կանգ առնել, սթափվել և հարցնել` ախր ինչի՞ վրա եք ղումար խաղում։ Խաղացեք ինչի վրա ուզում եք, բայց Ղարաբաղը բայղուշական կանխատեսումների թիրախ մի՛ դարձրեք։ Առավել ևս, որ մեր երկրում շահարկումների համար աննկարագրելի մեծ դաշտ և բազում այլ թիրախներ կան։ Բայց քանի որ համոզված ենք` այս հարցում չարագուշակ կանխատեսումների թիվը չի պակասելու, և որևէ հորդորով աշխարհաքաղաքական մտածողության գիգանտ վերլուծաբաններին սույն գայթակղությունից զերծ պահել չի հաջողվելու, ներկայացնենք Արևմուտքի կողմից «չտորպեդահարվելու» փաստարկները։
Հիշեցնենք, որ Արևմուտքի ճնշմամբ Արցախն Ադրբեջանին հանձնելու վերջին «հազարմեկերորդ» կանխատեսումն արվել էր բոլորովին վերջերս, ավելի ստույգ` հոկտեմբերի 17-ի արմատականների հանրահավաքում` Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական «պրագմատիկ» հաշվարկների հիման վրա։ Պարզունակ հարց` եթե հազար կանխատեսում չէր իրականացել, ինչո՞ւ հենց այս մեկը պիտի իրականանար։ Որովհետև այն հնչեցրել է համեմատաբար կարճ ժամանակահատվածում քաղաքական բարձրագույն դպրոց անցած ՀՀ առաջին նախագա՞հը։ Տեր-Պետրոսյանի` Արցախի հարցում Արևմուտքի կողմից նոկաուտի ենթարկվելու նախանշած ժամկետը վաղուց լրացել է, մինչդեռ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարեց, որ Ղարաբաղի հարցում մինչև ամառ որևէ համաձայնագրի ստորագրումը բացառվում է։ Ինչո՞ւ սխալվեց առաջին նախագահը։ Փորձենք պատասխանել հարցին, շեշտադրելով նաև, թե ինչո՞ւ էին սխալվում կանխատեսողներն անցած տասը տարիներին։
Կարծում ենք` Տեր-Պետրոսյանը վստահ էր, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում կհաղթի հանրապետականների ներկայացուցիչը և կշարունակի Բուշ-կրտսերի կոշտ քաղաքականությունը միջազգային հարաբերությունների բոլոր ոլորտներում։ Այս դեպքում ԱՄՆ-ը, հնարավոր է, օգտագործելով ԵԽ-ի լծակները, խստացներ ճնշումները ՀՀ-ի նկատմամբ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում` անուղղակի ճանապարհով։ Այսինքն` մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ բանաձևերը հիմք ունենալով` հասներ ոչ միայն ԵԽ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելուն, այլև Ղարաբաղի հարցում համառությունը շարունակելու դեպքում սպառնար զրկել Հայաստանին ընդհանրապես ԵԽ-ին անդամակցելուց։
Տեր-Պետրոսյանի երկրորդ վրիպումը կարելի է դասել «համընդհանուր» սխալների շարքին, ինչպիսիք թույլ էին տալիս նրա համախոհներն անցյալում` տարիներ շարունակ միակողմանի վերլուծություններ անելով։ Դրանց ժամանակ առ ժամանակ անդրադարձ եղել է, բայց քանի որ, ինչպես վերը նշեցինք, «սև» բախտագուշակների շքահանդեսը շարունակվում է, հարկ է կրկին հիշեցնել գրեթե դոգմայի կարգավիճակ ձեռք բերած որոշ ճշմարտություններ ու փաստարկներ, որոնք, ունենալով աշխարհաքաղաքական բնույթ, մասնակի փոխակերպումներով եղել և մնալու են` ուղղակի կամ անուղղակի ազդեցություն պահպանելով Հարավային Կովկասի, Լեռնային Ղարաբաղի և համանման այլ հակամարտություններում։
Փորձենք վեր հանել այն պատճառները, որոնք ոչ ճիշտ եզրահանգումների տեղիք են տալիս։
Առաջին։ Նախ, որպես կանոն, վերոնշյալ մեկնաբանները չեն պարզաբանում, թե ում նկատի ունեն «Արևմուտք» ասելով։ Ստացվում է, որ նրանք նույնացնում են ԱՄՆ-ն ու Եվրոպան և տպավորություն ստեղծում, թե ամերիկյան ու եվրոպական արտաքին քաղաքականության միջև տարբերություններ չկան, նույն շահերն ու հետաքրքրություններն են։ Մինչդեռ, հատկապես ԽՍՀՄ-ի փլուզումից և սառը պատերազմի ավարտից հետո, ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում ի հայտ եկան լուրջ հակասություններ ինչպես գլոբալ, այնպես էլ լոկալ աշխարհաքաղաքական խնդիրներում։ Մասնավորապես, Ֆրանսիան ու Գերմանիան, թեկուզ ոչ այնքան բացահայտ, բայց խանդով ու զգուշավորությամբ են վերաբերվում ԱՄՆ-ի այն քայլերին, որոնցով Նահանգները կարող է է՛լ ավելի մեծացնել իր ազդեցությունը և համաշխարհային «վերահսկիչի» հավակնությունները։ Կոնկրետ Հարավային Կովկասում ԱՄՆ-ն ու Եվրոպան նույն շահերը չունեն։ ԵՄ-ի հետաքրքրությունները մեր տարածաշրջանում շատ ավելի սահմանափակ են, քան ԱՄՆ-ինը։ Սակայն դա չի նշանակում, որ ԵՄ-ն չի ցանկանում ԱՄՆ-ից խլել Հարավային Կովկասի «վերահսկիչ փաթեթը»` տեղն եկած դեպքում օգտագործելով ԱՄՆ-Ռուսաստան մրցակցությունը։ Օրինակ, եթե ԱՄՆ-ը խիստ կոշտացնի ճնշումները Հայաստանի վրա Ղարաբաղի հարցում, Ֆրանսիան կարող է ընդդիմանալ (չմոռանանք նաև հայկական ուժեղ լոբբիի առկայությունը սույն պետությունում)։ Նույն խանդը հաշվի առնելով, ՀՀ-ի «մտրակահարմանը» հնարավոր է դեմ լինի Գերմանիան։ Ի դեպ, վերջինս միաբևեռ աշխարհի տիրակալի ազդեցության մեծացման հեռանկարից ամենաշատ մտահոգվածն է։
Երկրորդ։ Հաճախ է թերագնահատվում ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության նշանակությունն ու ազդեցությունը հարավկովկասյան խնդիրների վրա։ Մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում (վաղուց բոլորին է հայտնի) պարտադիր պայման է խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը հակամարտության գոտում։ Բնական է` Ռուսաստանը երբեք չի համաձայնի, որ ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական ռազմական ուժեր մուտք գործեն հակամարտության գոտի։ Եվ հակառակը։ ԱՄՆ-ն էլ իր հերթին չի ցանկանա, որ խաղաղապահ առաքելությունն իրականացնեն ռուսական զորքերը։ Այստեղ, ինչպես ասում են, շրջանը փակվում է։ Ղարաբաղյան խնդրում ռուս-ամերիկյան շահագրգռությունների այլ տարբերություններ էլ կան, սակայն այսքանով սահմանափակվենք։
Երրորդ։ ԼՂ հիմնախնդրի կարգավորման արևմտյան տարբերակի կիրառման դեպքում խիստ անկանխատեսելի «վարք» կարող է դրսևորել Իրանը։ Սույն երկրի ղեկավարները մեկ անգամ չէ, որ հայտարարել են իրենց սահմանի մոտ արևմտյան ռազմակայանի տեղաբաշխման դեպքում իրանական օդուժի կողմից դրանց ռմբակոծման անխուսափելիության մասին։
Այս հրապարակման թեմայից դուրս ենք համարում կրկնել այն հավաստիացումները, թե մեր իշխանություններն ունեն անհրաժեշտ քաղաքական կամք` արտաքին ճնշումներին դիմագրավելու համար։ Պարզապես ուզում ենք մեկ անգամ ևս ընդգծել, որ աշխարհաքաղաքական լուրջ խնդիրները որոշ դեպքերում նպաստում կամ վնասում են մեր շահերին։ Ինչպես յուրաքանչյուր պետության պարագայում։ Ակամա կամ միտումնավոր աչքաթող անել դրանք, անընդհատ խտացնել գույները, անցնել չափազանցության բոլոր սահմանները, Արցախը «ծախելու» շարունակական կանխատեսումներ անել, նշանակում է կամ աշխարհաքաղաքականությունից ոչինչ չհասկանալ, կամ փորձել շահարկումներով լուծել ներքաղաքական խնդիրները։ Տարիներ շարունակ «աղետ» կանխատեսողներին էլ խորհուրդ կտայինք հետևել բոլորին հայտնի չերչիլյան բանաձևին, պատճառաբանելով, թե ինչու տարիներ շարունակ իրենց «սև» եզրահանգումներն այդպես էլ իրականություն չեն դառնում։
Արամ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3539

Մեկնաբանություններ